ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

Դեր Զորի ոսկրացավը

Դեր Զորի ոսկրացավը
07.05.2023 | 20:58

Սիրիայի Դեր Զոր անապատում մոտեցա բեդվին երաժիշտների խմբի վրանին: Նրանք ուրախ, խրախճական եղանակ էին նվագում անցնող ու դարձող տուրիստների համար։

Ղեկավարին ասացի. «Եթե ձեր կանգնած տեղում հողը փորեք կես մետրի չափով, անպայման հայերի ոսկորներ դուրս կգան»:

Մի քանի րոպե պատմեցի եղելությունը: Վերջում խնդրեցի զոհերի հիշատակին մի տխուր մեղեդի նվագել: Երբ ավարտվեց՝ նրանք առանց իմ խնդրանքի մեկ ուրիշ տխուր մեղեդի էլ հնչեցրին: Ինձ թվաց բոլորի աչքերն արդեն խոնավացել էին: Նրանց դոլար առաջարկեցի: Ապշահար իրար նայեցին ու այնպես մերժեցին, կարծես իրենց պապերի հիշատակն էին հարգել: Տխրությամբ, բայց բարեկամի զգացողությամբ բաժանվեցինք:

Շեկ անապատի հավերժ թափառական թխադեմ բեդվինը այդ պահին ինձ համար մոլորակի ամենաքաղաքակիրթ մարդն էր: Իսկ քաղաքակրթություն խաղացող աշխարհի շատ գործիչներ, ովքեր Դեր Զորի ողբերգության համահեղինակներն էին ու այսօր նրանց շարունակող սերունդները, չարժեն այս բեդվինների ոտքի հողը, ավելի ճիշտ՝ ավազը:

Սիրտս ճմլվեց՝ Դեր Զորի անապատի ավազի վրա արժանապատիվ մարդիկ են ապրում, իսկ տակը՝ ավազի մեջ 100 տարի դեռ տանջվում են հայ նահատակների հոգիներն ու ոսկորները:

Հետո երկար ճանապարհին գիշեր իջավ ու գրկեց անապատի անփարատելի ոսկրացավը։ Ինձ թվում էր, թե բեդվինների հեռվում փայլփլող լապտերների լույսերը նահատակների ոսկորներից բարձրացող լույսերն է։

Լու՞յսն էլ ցավոտ լինի․․․

Այդպիսին էր Դեր Զորի հետ իմ առաջին հանդիպումը, իսկ նրա ոսկրացավը վաղուց արդեն իմ հիվանդությունն է:

Վրեժ ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 29804

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ